27 мар. 2011 г.

ՌՈՒԲԻԿ ՁՅԱՁՅԱՆ ՈՒ ԿՈՒԲԻԿԸ



Ես իրոք հույս ունեի, որ  այս խաղալիքը մեր հարևան Ռուբիկ ձյաձյան էր պատրաստել, ու տանջվում էի, շուռումուռ տալիս ... Հետո մի քիչ էլ մեծացա ու հասկացա, որ այս խորանարդիկը ստեղծելու համար մեր հարևան Ռուբիկ ձյաձյա լինելը դեռ շատ քիչ է, իսկ Ռուբիկն էլ կարող է ոչ միայն անուն լինել, այլև ազգանուն, այն էլ հունգարացու ազգանուն....
Էռնո Ռուբիկը  Բուդապեշտ քաղաքի Կիրառական արվեստների ակադեմիայի դասախոս էր  և իր ուսանողներին մի օր հերթական առաջադրանքը տվեց՝ ահա այսպիսի գլուխկոտրուկի տեսքով:


Ռուբիկի կուբիկն անմիջապես բոլորին դուր եկավ: Խաղալիքը սկսեցին արտադրել և փոքր ծավալով այն վաճառքի հանվեց: Իհարկե, առանց լավ PR-ի գործը գլուխ չէր գա: Հնարավոր է խաղալիքի մասին շատ շուտով բոլորը մոռանային, եթե Տիբոր Լակզին և Թոմ Կրեմերը կուբիկի հեղինակին չօգնեին այն տարածել ողջ աշխարհով: PR-ն աշխատեց և շատ շուտով այս խաղալիքը հայտնվեց բոլորի՝ դպրոցականների, տնային տնտեսուհիների, թոշակառուների ու պրոֆեսորների ձեռքին, ամբողջ աշխարհում յուրաքանչյուր 8-րդ մարդ փորձում էր լուծել այս գլուխկոտրուկը: Այն սկսեց համարվել Նոր տարվա և ծննդյան տոների ամենալավ նվերը: Կուբիկ-ռուբիկը ամենահարմար և մոդայիկ նվերն էր նաև «կարևոր» մարդկանց համար. ճիշտ այդպես, Կուբիկ-ռուբիկով նաև կաշառք էին տալիս բարձրաստիճան պաշտոնյաներին, իհարկե, միայն լիցենզավորված կուբիկներով :) Իսկ որոշ երկրների ռեստորաններում էլ մենյուի հետ նաև Կուբիկ-ռուբիկ էին բերում :)
Բոլորն էին փորձում գտնել խաղալիքի գաղտնիքը, իհարկե դա ոչ բոլորին էր հաջողվում, սկզբում տխրում էին, հետո հուսահատվում, իսկ երբեմն էլ այնպես էին բարկանում, որ ուզում էին փշուր-փշուր անել խաղալիքը: Հենց նրանց համար էլ սկսեցին վաճառվել փոքրիկ պլաստմասսե սղոցիկներ, որոնցով կարելի էր պատժել և մասնատել այդ «անհասկանալի» խաղալիքն ու դրանցից մեկ այլ բան պատրաստել: Կուբիկ-ռուբիկը հավաքելու փորձ արեցին նաև շիմպանզե կապիկները, բայց այդպես էլ չկարողացան, նրանցից մեկը հուսահատված նույնիսկ փորձեց ուտել այն, երկրորդը կոտրեց, իսկ մյուսն էլ վանդակից դուրս նետեց այն: Ի դեպ ինքը՝ Էռնո Ռուբիկն էլ, երբ ստեղծում էր գլուխկոտրուկը, դեռ չգիտեր, թե ինչպես է այն հավաքելու, և միայն մեկ ամիս հետո կարողացավ գտնել գաղտնիքը:
Բայց շատ ու շատ մարդիկ ոչ միայն հեշտությամբ կարողանում են լուծել այս գլուխկոտրուկը, այլև Կուբիկ-ռուբիկի արագ հավաքման մրցույթներ են կազմակերպում: Գլուխկոտրուկն ամենից արագ կարողացել են լուծել բոլորովին վերջերս, ընդամենը 7 վայրկյանում: Անցկացվում են նաև Կուբիկ-ռուբիկը մեկ ձեռքով, ոտքերով և անգամ փակ աչքերով հավաքելու մրցույթներ:
Իսկ ինչ վերաբերում է հունգարացի Ռուբիկ ձյաձյային, ապա նա շատ հանգիստ ապրում է իր ընտանիքի հետ Բուդապեշտի մերձակայքում, հիմնադրել է Կուբիկ-ռուբիկի անվան ֆոնդ, որի նպատակն է աջակցել երիտասարդ գիտնականներին ու նորարարներին, չէ՞ որ 40 տարի առաջ այս խորանարդիկն իրեն օգնեց դառնալ Արևելյան Եվրոպայի ամենաառաջին միլիոնատերը...

Комментариев нет:

Отправить комментарий