23 сент. 2011 г.

Թե ինչպես Ջավախքում աղջկա փոխարեն տղա փախցրեցին



Երկուսուկեսդարյա պատմություն ունեցող ջավախահայությանը բնորոշ ավանդույթներից է աղջիկ փախցնելը: Որպես կանոն, Ջավախքում շուտ են ամուսնանում: Աղջիկներն ամուսնանում են 17 տարին չբոլորած, իսկ տղաները, լավագույն դեպքում, 23 տարեկանում: Ջավախքում փոքր տարիքում ամուսնությունն ունի իր բացատրությունը. տղամարդիկ միջինը վեց ամսով բացակայում են Ջավախքից՝ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելով, իսկ երբ վերադառնում են՝ ոչ մի զբաղմունք չեն ունենում եւ, պարապ չմնալու համար, ամուսնանում են: Ջավախքում ընդհանրապես չկա ոչ կինոթատրոն, ոչ թատրոն, ոչ մշակույթի տուն... ոչ մի երիտասարդական, ժամանցի կամ հանգստի վայր: Շատերը նույնիսկ չգիտեն՝ ինչ է կինոն կամ թատրոնը:


Աղջիկ փախցնելու վայրը կարեւոր չէ. փախցնում են ցանկացած վայրից, եւ փախցնում են նույնիսկ նրանց, ում ընդհանրապես չեն ճանաչում, եւ կամ նրանց, ում միգուցե 20 մետրից տեսել ու հավանել են: Նույնիսկ չգիտեն՝ աղջիկը խոսել գիտի՞, թե՞ ոչ, իսկ միգուցե այդ աղջիկն ամուսնացա՞ծ է...

Երբ գալիս է ձմեռը, Ջավախքում տոնական մթնոլորտն է իշխում: Բոլոր տղամարդիկ արտագնա աշխատանքից տուն են վերադառնում: Եվ այսպես սկսվում է «Ամուսնության եռամսյակը»: Տարվա մյուս ամիսներին չամուսնանալը ջավախեցիները այսպես են բացատրում` դե, առանց ձյուն` ի՞նչ հարսանիք, իսկ մայիսին չեն ամուսնանում` դժբախտության ամիս է: Դե, իսկ մնացած ամիսներին Ջավախքում ման գաս՝ տղա չես գտնի: Նրանք էլ են մեկնում Ռուսաստան աշխատելու: Ի՞նչ անես, ո՞ւմ հետ ամուսնանաս:

Դեկտեմբերյան ձյունառատ օր էր: Դպրոցականները տուն էին վերադառնում դասերից: Հանկարծ տների արանքից մի խումբ տղաներ են թափվում դպրոցականների վրա ու փախցնում մի աղջկա: Փակում են բերանը, ոտքերն ու ձեռքերը կապում են, գցում են մեքենան ու տանում հեռավոր մի գյուղ: Աղջկան համոզում են, որ իրենց բարբառով ասած՝ «բռնի» (այսինքն՝ ամուսնանա), թե չէ՝ ամեն ինչ վատ կարող է վերջանալ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ եթե աղջիկը «չառնի» իրեն փախցրած տղային, ուրեմն գյուղում նրան այլեւս ուզող չի լինի, իսկ եթե լինի էլ, ապա տղայի պատիվը գետնին կհավասարվի կամ, ինչպես իրենք են ասում՝ «այդ տղան դուխ չի ունենա ջահելների շրջապատում»: Այսքանից հետո աղջկան տղայի տուն են տանում, հավաքվում են` ընկեր, ծանոթ, բարեկամ ու աչքալույս են անում մինչ ուշ գիշեր:

Աղջիկ փախցնելու այդ սովորույթը լի է զավեշտալի պատմություններով: Ներկայացնենք դրանցից մեկը: Հունվար ամսվա վերջին օրերն էին: Ջավախքի գյուղերից մեկում հարսանիք էր: Բոլորը քեֆ էին անում ու ուրախանում: Եվ հանկարծ լույսերն անջատվում են: Սկսվում է մի իսկական քաոս` մեկը գոռում է, մյուսը լալիս, իսկ երրորդն աղջիկ է փախցնում, այն էլ ի՜նչ աղջիկ, իսկը տղա է. մթության մեջ եւ օղու ազդեցության տակ՝ տղաները չէին հասկացել, որ տղա էին փախցրել: Այսպես էլ է լինում, այնպես որ, զգույշ եղեք: Վերջին մեկ տարում, սակայն, Ջավախքում կրճատվել է աղջիկ փախցնելու դեպքերի թիվը: Պատճառը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ընդունած օրենքն է, ըստ որի, եթե տղաներն աղջիկ փախցնեն ու աղջկա ծնողները դիմեն ոստիկանություն, ապա տղայի կողմը պետք է 10.000 - 22.000 լարի մուծի (որը համարժեք է 5000-10.000 ԱՄՆ դոլարին): Այս օրենքի մասին ջավախեցի աղջիկները կատակում են` «մեր շան բախտից, մնացինք տունը»: Ի դեպ, Ջավախքում աղջիկները նաեւ կատակում են, թե բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող աղջիկների բախտը բերում է՝ շուտ չեն փախցնում. դե, ուսման վարձ կա, մայրաքաղաքում սովորելու ընթացքում կեցության ծախսեր կան, ուրիշ տղաների հետ հանդիպած կլինեն....

7 օր, 7 գիշեր կերուխում

Ամուսնության ժամանակ Ջավախքում քեֆ են անում 7 օր, 7 գիշեր: Մի օր աչքալույս են անում, մի օր` հարսընդես, մի օր, իրենց բարբառով ասած` «մալ մորթոց», հարսանիք, մատաղ, մի օր էլ հարսին ու փեսային մեռոնից են հանում: Իսկ երբ գալիս է նորին մեծություն գարունը, տղամարդիկ կրկին մեկնում են արտագնա աշխատանքի: Մի տարի գալիս են տուն, մի տարի՝ ոչ: Իսկ երբ տուն են գալիս, մեկը հազիվ հասկանալի մանկական լեզվով նրանց հայրիկ է բարբառում:

Աչքալույս

Տղայի կողմի ծանոթները, ընկերներն ու բարեկամները կոնյակ կամ օղի են վերցնում ու գնում տղայի տուն աչքալույսի. ուտում, խմում, քեֆ են անում, ասելով` «աչքդ լույս լինի»:

Հարսընդես

Քեֆ է կազմակերպում աղջկա հայրը, այսինքն՝ գալիս են տեսնելու հարսին, որին հայրը հարսընդեսի համար հայրական տուն է բերում: Այս արարողությանը հիմնականում մասնակցում են հարսի կողմի բարեկամներն ու մտերիմները: Այդ օրը սկեսուրը 5 հատ սինի է կապում, որոնցից 3-ում շորեր են հարսի համար, մեկում՝ միրգ ու կոնֆետներ են, իսկ մյուսի վրա՝ տորթ: Փեսայի կողմի ջահելներն այս 5 սինիները պարացնելով բերում են հարսի տուն՝ փոխարենը փող վերցնելով հարսի այն հարազատներից, ովքեր իրենց ձեռքից վերցնում են սինիները: Քեֆը շարունակվում է:

Մալ մորթոց

Հարսանիքի համար փեսայի հայրը հատուկ մսացու է պահում-մեծացնում: Իսկ մալ մորթոցի օրը, սովորության համաձայն, կով եւ խոզ են մորթում: Հավաքվում են տղայի բարեկամները եւ սեղան գցում: Հրավիրում են հարսին, հարսի հորն ու եղբորը եւ բռնում հայկական քոչարին: Մսացուն մորթողին տղայի հայրը փող է տալիս` այն դնելով կովի գլխին: Այնքան ժամանակ կովը չեն մորթի, մինչեւ փողը չդրվի կովի գլխին: Եվ այսպես, պատրաստ է հարսանիքի միսը:

Հարսանիք

Այս անգամ հարսի մայրն է քողք ուղարկում, այսինքն՝ մի սինի միրգ ու կոնֆետեղեն, 2 սինի էլ` փեսայի համար հագուստ: Մեկում՝ փեսայի հարսանեկան կոստյումն է, մյուսում՝ առօրյա հագուստ: Բացում են սինիները, խմում զույգի կենացն ու շպրտում կոնֆետները ջահելների կողմը, որից հետո երգելով ու ծափ տալով հագցնում են փեսայի շորերը: Քավորի աղջիկը վառ գույնի «կասինկա»՝ գլխաշոր է կապում փեսայի թեւին, եւ բոլորը միասին դհոլ-զուռնայով գնում են մաղար, այսինքն` աղջկան հայրական տնից բերելու: Սկեսրայրը երիտասարդներին օղի, կոնյակ եւ կենդանի մեկ աքլոր է բաժանում: Ջահելները պարելով եւ «տաշ-տուշ» գոռալով` գնում են մինչեւ հարսի տուն: Հարսի հայրական տան դռանը 2 երիտասարդ են կանգնած լինում: Քավորն ու փեսայի հայրը երիտասարդ տղաներին փող են տալիս, որ ներս մտնեն: Տղամարդիկ սեղան են նստում` կենացներ խմում, իսկ կանայք գնում են հարսի սենյակ: «Ասենք շնորհավոր թող լինի մեր նորահարսի շորերը...» երգելով հագցնում են հարսի շորերը: Մինչ այդ հարսի կոշիկը թաքցրած են լինում, եւ քավորկինը վճարում է կոշիկի համար ու այն գնում հարսի հարազատներից: Կոշիկը հագցնում է հարսի եղբայրը: Հետո գալիս է փեսան` ծաղիկներով: Հարսին պահում են, եւ մինչեւ փեսան փող չի տալիս՝ հարսին չեն տալիս փեսային: Բոլորը հավաքվում են սեղանի շուրջ. մեծերը խմում են ու շնորհավորում, իսկ հարսի մայրը գաթա, լավաշ, ափսե եւ կենդանի հավ է տալիս երիտասարդներին: Հարսնաքույրը պարացնում է փեսային եւ կապում մյուս «կասինկան»` փոխարենը նրանից վերցնելով ոսկյա իր կամ փող: Եվ նորից պարելով ու «տաշ-տուշ» գոռալով՝ հարսնատուն են գնում: Հարսնատան մուտքի մոտ բոլորը շուրջպար են բռնում: Սկեսուրը գալիս է վառվող մոմերով, կոնյակով, մրգերով ու անուշեղենով լի սինիով: Ջահելներից մեկը վերցնում է կոնյակը, փոխարենը սինիի մեջ փող է դնում, իսկ երիտասարդները կամ վերցնում են մոմերը, կամ սկեսուրն այդ անուշեղենը լցնում է երիտասարդների գլխին: Փեսայի մայրը լավաշ է գցում տղայի եւ աղջկա ուսերին եւ մեղր ուտեցնում, որպեսզի նորապսակները քաղցր ու համերաշխ ապրեն: Հետո քավորկինն ափսեներ է դնում հարսնատան դռան շեմին, որպեսզի հարսն ու փեսան ջարդեն: Եվ ըստ սովորույթի, եթե երկու ափսեներն էլ ջարդում է փեսան, ապա դա նշանակում է, որ համատեղ կյանքում իշխելու է տղան, իսկ եթե հարսը` իշխելու է աղջիկը: Բայց եթե ամեն մեկը կջարդի իր ափսեն, ապա համատեղ կյանքում կունենան հավասար իրավունքներ: Հնչում է հարսանեկան երաժշտություն, երիտասարդները խորովածի շշերը պարացնելով ներս են բերում եւ երգում. «Խորովածը շատ լավ բան է...»: Մինչեւ քավորը խորովածի համար փող չի տալիս, խորովածը չեն տալիս քավորին: Խորովածից հետո հնչում է երգ հարսի մասին, եւ քավորն ու քավորկինը հարս ու փեսային, որոնք մինչ այդ ուրիշ սենյակում էին գտնվում, վառվող մոմերի ուղեկցությամբ հարսանեկան սրահ են ուղեկցում: Հարսանիքի ընթացքում հարսը ծաղկեփունջ է նետում եւ փեսայի հետ պարելով` տարոսիկներ բաժանում չամուսնացած զույգերին: Եվ այսպես, մինչեւ լույս քեֆ են անում:





Աղբյուր` www.168.am

Комментариев нет:

Отправить комментарий